Խոհանոցի պատուհանը

Դրսի եղանակը, մթնշաղը ու թեթեւ քամին դպրոցական տարիներս յիշեցրին։ Սեպտեմբեր ամսին, ժամը 8-ի կողմերը դրսում սրան շատ նման եղանակ էր։ Տան հեռուստացոյցը միացրած էր, երեւի որ հեշտ արթնանաք։ Դրսում դեռ շատ մարդ չկար. Էդ տարիներին մեքենաներ էլ շատ չէին։ Կարող ա մի Մասկուիչ գար, մի շէնք ներքեւ խանութին հաց բերեր ու էդ մեքենայի ձայնը լսուէր, զի դրսում լռութիւն էր։ Աւելի ուշ մի երկու սովետական մեքենայ էլ կանցնէր ու վերջ։

Դպրոցական տարիներին մօրական կողմիս տատիկի տանն էի ապրում։ Դպրոցիս աւելի մօտ էր ու բակում ընկերներ ունէի։ Տատիկս միշտ խոհանոցում էր։ Բոլորից շուտ էր արթնանում որ ճաշ եփեր։ Մինչեւ ճաշը պատրաստ կը լինէր, խոհանոցի պատուհանից դուրս էր նայում ու ասում՝ «էս էն մարդն ա» ու պատմում էդ մարդու պատմութիւնը։ Նոյնիսկ հիմա, երբ յիշում եմ էդ պատմութիւնները դժուարութեամբ եմ հաւատում, որ իրական էին։ Բայց իրական էին։

Տատիկս սովետի ժամանակ Երիտասարդական պալատում էր աշխատել, դրանից առաջ էլ Կիրովի գործարանում։ Լաւ չեմ հասկանում ինչ էր աշխատել, բայց յաճախ էր բողոքում յօդացաւերից ու ասում որ ծանր տակառներ ա քաշ տուել։ Էդտեղ էլ հաւանաբար ծանօթացել էր պապիս հետ, ամուսնացել էին ու պետութիւնից տուն ստացել։

Փոքր ժամանակ շատ հետաքրքիր էին էս պատմութիւնները, բոլոր մանրամասներով։ Երբ ինչ որ մէկը պատմում էր, որ արտասահմանում ա եղել, կամ ինչ որ բանի միջով ա անցել էնքա՜ն հեքիաթային էր թուում։ Տարածութեան զգացումը մեծանում էր, ասես տան պատերից, բակից ու դպրոցից էն կողմ աշխարհ կայ, քաղաքներ կան, ծովեր կան ու մարդիկ ուրիշ կեանքով են ապրում։

Պապս երեկոյեան տուն էր գալիս ու պատմում իր մանկատանը ապրած տարիներից։ Ասում էր, որ ինքնակամ ա մանկատուն գնացել զի ծնողները հնարաւորութիւն չունէին պահելու։ Մանկատան ընկերներ ունէր, որոնց երբեմն զանգում էր, որ իմանար դեռ ողջ են։ Մի քանի բառից աչքերը լցուում էին ու բարեմաղթանքներով անջատում։

Երբեմն մոռանում եմ էս ամենը, մոռանում եմ որ 26 տարի ապրել եմ, որ դրանք եղել են շատ երկար 26 տարիներ։ Մոռանում եմ, որ ծնողներս ու բարեկամներս երիտասարդ են եղել։ Մոռանում եմ որ երկար տարիներ տատիկիս տանը, խոհանոցի պատուհանին նստած եմ անց կացրել, մեքենաներին ու մարդկանց նայելով։

Ու էլի սէնց եղանակ էր առաւօտեան ու էլի ոչ մի տեղ չէի շտապում։

Ուղղակի հիմա ես եմ խոհանոցում ճաշ պատրաստում, ու ես եմ պատուհանից դուրս նայելով յիշում մարդկանց պատմութիւնները։

Չգիտեմ ոնց մեծացայ, ոնց կտրուեցի բոլորից ու ոնց իմ վրայ վերցրի կեանքի բեռը։ Չգիտեմ որ պահից սկսած չդիմացայ հասարակութեան ճնշմանը ու սկսեցի ատել բոլորին։ Չգիտեմ ոնց յաղթեցի (՞) ու ոնց ազատուեցի։

Նայելիք 2

Երկու տարի առաջ հրապարակել էի սիրածս ֆիլմերի ցանկը։ Հիմա ցանկը մեծացել ա ու ներառում ա այս ֆիլմերը՝

Ֆիլմեր

  • The Science of Sleep - 2006
  • Time - 2006
  • Eternal Sunshine of the Spotless Mind - 2004
  • This Must Be the Place - 2011
  • Lux Æterna - 2019
  • Drive My Car - 2021
  • Mayrig - 1991
  • I’m Thinking of Ending Things - 2020
  • Love You Phillip Morris - 2009
  • Yes Man - 2008

Սերիալներ

  • Seinfeld - 1989
  • The Office - 2005
  • Severance - 2022
  • Euphoria - 2019

Մուլտֆիլմեր

  • Love, Death & Robots - 2019

Դասական ուղղագրութեամբ գրելու մասին

Մարդիկ յաճախ են հարցնում թե ինչի եմ գրում դասական ուղղագրութեամբ։ Մտածում են սփիւռքահայ եմ կամ հոգեւորական կամ գրաբարի մասնագէտ։ Լինում են մարդիկ, որ մտածում են ուղղակի տառասխալներով եմ գրում (։

Իրականում երկու պատճառ կայ։ Առաջինը ճաշակի հարց ա, զի իրօք շատ եմ հաւանում դասական ուղղագրութեամբ գրուած տեքստը։ Կարծում եմ շատ գեղեցիկ ա բառավերջում «ա»-ից եւ «ո»-ից յետոյ գրուող բայց չարտասանող «յ» տառը։ Նաեւ աչքի համար առաւել յարմար ա կարդալ՝ «աւ, իւ, ըւ», ի տարբերութիւն «ավ, իվ, ըվ»-ի։ Ինչքան քիչ լինեն տառերի մասնիկները էնքան ուշ կը հոգնի մարդու աչքը։

Երկրորդ պատճառը լեզուաբանական ու գաղափարական հիմք ունի։ Եթե փորձեմ կարճ ներկայացնել արդի ուղղագրութեան պատմութիւնը միգուցէ ձեզ համար էլ ընտրութիւնս հասկանալի դառնայ։ Նախ Մաշտոցը ստեղծեց հայերէնի ուղղագրութիւնը, որը երկար տարիներ ընդհանուր էր հայերէն գրող բոլոր մարդկանց համար։ Այն պատշաճ կերպով ներկայացնում էր բառերի արմատները եւ ծագումնաբանութիւնը։ 1922թ.-ին Սովետական միութիւն մտած Արեւելեան Հայաստանի վրայ տարածուեց Լենինի որոշումը, ըստ որի անհրաժեշտ էր պարզեցնել ուղղագրութիւնը, որպէս զի բանուոր դասակարգը կարողանայ սովորել այն։

Ի հարկէ Արեւմտեան Հայաստանում չընդունուեց այդ որոշումը եւ մարդիկ շարունակեցին պահել Մաշտոցեան ուղղագրութիւնը։ Իսկ Արեւելեան Հայաստանում սկսուեց խառնաշփոթ։ Մինչ այդ դասական ուղղագրութեամբ գրուել էին մեծ թուով գրքեր, շատերի համար պարզ չէր թե ինչ տրամաբանութիւն կայ նոր ուղղագրութեան մէջ եւ ամենացաւալին այն էր, որ նոր ուղղագրութեամբ աղաւաղուել էին բառերի արմատները։

Օրինակ եթե «սէր» գրելիս մարդիկ գիտէին, որ խօսքը սիրելու մասին է, ապա նոր ուղղագրութեամբ տարբերութիւն չկար սիրելու եւ կաթի սերի միջեւ։ Կամ «յօրինել» բառը, որ առաջացել էր «օրէնք», «ի օրէն» բառից արդէն չէր պարունակում սկզբնական արմատը եւ այդպէս շարունակ։

Այսօր էլ խնդիրները գնալով աւելանում են։ Ծրագրաւորողների համար դժուար է լեզուաբանական անալիզի ենթարկել հայերէնով գրուած տեքստը, զի դրանում թերի տրամաբանութիւն կայ։ Ընթերցողները խուսափում են կարդալ դասական ուղղագրութեամբ գրուած գրքեր, զի չգիտեն կարդալու կանոնները։

Կարծում եմ այսքանը բաւարար է, հասկանալու համար թե ինչու եմ գրում դասական ուղղագրութեամբ։ Մէկ այլ յօդուածում հակիրճ նկարագրել եմ ինչպէս արագ սովորել դասականով գրել։ Հարցերի դէպքում ուրախ կը լինեմ օգնել։

Ցիանոտիպիա

Ժապաւէնից նկար տպելու ամենահին տեխնիկան ցիանոտիպն է։ Բացայայտել է ֆիզիկոս ու աստղագէտ Ջոն Հերշելը 1842թ.-ին։ Այն հիմնականում օգտագործուել է կոնտակտային տպագրութեան մէջ, զի ունի թոյլ լուսազգայութիւն։ Հիմքում ընկած է երկու նիւթ՝ 30% Ամոնիումի երկաթի ցիտրատ եւ 12% Կալիումի ֆերիցիանիդ։

Դրանք կարելի է ձեռք բերել այստեղից։

Նիւթի խառնուրդը անհրաժեշտ է սպունգով քսել ընկալունակ մակերեսի վրայ (օրինակ՝ ջրաներկի թղթի կամ կտորի) ու թողնել մութ տեղում չորանայ։ Չորանալուց յետոյ թղթի վրայ կարելի է դնել նկարի նեգատիւ կամ ցանկացած առարկայ ու պահել արեւի ուլտրամանուշակագոյն ճառագայթների տակ։

Արդիւնքում թղթի վրայ կը տպուի պատկերի թափանցիկ հատուածները, ըստ թափանցելիութեան աստիճանի։ Այսինքն ինչքան թափանցիկ էնքան մուգ եւ հակառակը։

Զի արեւի տակ պահելով դժուար է գուշակել պրոցեսի տեւողութիւնը, մարդիկ օգտագործում են 365nm ճառագայթի երկարութեամբ ուլտրամանուշակագոյն լամպ։

Ես փորձեցի տպել իմ հին լուսանկարներից մէկը։ Ֆոտոշոփով դարձրի սեւ ու սպիտակ, յետոյ դարձրի նեգատիւ ու սովորական, թանաքի պրինտերով տպեցի թափանցիկ թղթի վրայ։ Թափանցիկ թուղթը դրի լուսազգայուն թղթի վրայ ու 2 օր թողեցի արեւի տակ։ Արդիւնքուը կարող էք տեսնել ներքեւում։

Աւելի բարդ համակարգերի մասին

Ինչքան էլ բանականութիւնը անկախ թուայ բնութիւնից՝ անկախ որոշումներ կայեացնելու ունակութեամբ, համոզուած եմ, որ դրանում կայ բնութեան ծրագիրը։

Եթե բանականութեան գոյութիւնը հնարաւոր դարձնելու համար բնութիւնը ստեղծել ա անհաւանական բարդ համակարգեր, ապա ինչի՞ ա դժուար հաւատալ, որ բանականութիւնը ինքնին միջավայր ա աւել բարդ համակարգի գոյութիւնը հնարաւոր դարձնելու համար։

Ամենապարզ բանը, որ ուզում եմ օրինակ բերել համակարգիչն ա։ Արդեօ՞ք համակարգիչը աւելի բարդ չի քան բանականութիւնը, էն պատճառով, որ դրա գոյութիւնը հնարաւոր ա դարձել միայն բանականութիւնից յետոյ։

Էսօր արդէն բաւականին մօտ ա թուում արհեստական բանականութեան գոյութիւնը։ Չնայած նրան, որ շատերը կարծում են, որ արհեստական բանականութիւնը զուրկ ա մարդու բանականութեանը բնորոշ յատկանիշներից։

Իսկ ի՞նչ, եթե այն զուրկ ա միայն դրա թերութիւններից ոչ թե առաւելութիւններից։ Այսինքն արհեստական բանականութիւնը աւելի ճշգրիտ ու ռացիոնալ ա քան մարդը։ Իսկ մարդը ուղղակի բնութիւն ա դրա համար, օդ ու ջուր։

Մենք վախենում ենք, որ համակարգիչները մի օր կը վնասեն մեզ, ինչպէս մենք ենք վնասում մեր բնութիւնը։ Կը վնասեն էնքան ժամանակ մինչեւ աւելի խելացի դառնան։ Յետոյ կը սկսեն սիրեն մեզ։

Մինչդեռ դրանք մարդուն բնորոշ փուլեր են։ Աւելի բարդ համակարգերում հաւանաբար չեն լինի աւելորդ փուլեր։ Սէրը աւելի անցաւ ու ռացիոնալ կը դառնայ։

Իսկ ի՞նչ կը լինի աւելի ուշ ապագայում դժուար ա գուշակել։ Զի դեռ պատրաստ չի դրա գոյութեան միջավայրը։ Բայց ես լաւատեսօրէն կարծում եմ, որ մարդիկ շարունակելու են լինել։ Զի մարդիկ շղթայի մի մասն են, որից կախուած ա ապագան։ Ու երեւի դեռ երկար կախուած կը մնայ։ Ոնց մենք ենք կախուած օդից ու ջրից։

Երջանկութեան մասին

Եթե ուզում ես երջանիկ լինել, պէտք ա հիմա լինես։ Բա էլ ե՞րբ։ Անցեալում բան չես փոխի, ապագայի մասին բան չգիտես։

Պէտք չի սպասել մարդկանց, մտածել հնարաւոր երաջանկութեան մասին։ Ուղղակի պէտք ա երջանիկ լինել։

Իսկ ո՞նց։ Ամէն մարդ իր ձեւն ունի։ Բայց կայ մի ձեւ, որ բոլորի համար աշխատում ա։ Երջանկացրու ուրիշին թեկուզ փոքր բաներով ու տես թե ոնց ես երջանկանում ինքդ։

Ես գիտեմ ինչքան գրաւիչ ա բաց թողածը ապագայում նորից գտնելու մտքերը։ Բայց տէնց երբեք չես սովորի բաց թողնել։ Իսկ ապագան չկայ։ Դա երեւակայեական տարածութիւն ա, որտեղ ամէնը կեղծ ա։

Սրանից առաջ գրել էի՝ «լաւ ա, երբ բաց թողնելով չես կորցնում»։ Ի հարկէ լաւ կը լինէր, բայց դա իրականութեան մասին չի։ Պէտք ա ընդունել, որ բաց թողածդ արդէն կորցրել ես, որ ազատուես դրա ստուերից։

Ներկայ, ներկայ, ներկայ։ Ուրիշ տեղ չկայ ապրելու։ Մարդկանց հետ յարաբերութիւններն էլ ուրիշ տեղ չկան։ Ապագայում չկան, անցեալում սպառուել են։ Կամ կաս հիմայ, կամ չկաս երբեք։

Եթե անցեալի մասին մտքերով ես ապրում, խոչնդոտում ես զարգացմանդ։ Զի մարդիկ երբեք նոյնը չեն։ Մի օրում հազար բան կը փոխուի, մարդիկ իրար մասին աւելին կիմանան, կը սխալուեն կամ կուղղուեն։ Յիշաչարութիւնը խանգարում ա ապրել։ Ի հարկէ պէտք ա յիշել, բայց պէտք չի չարութեամբ տրամադրուել ներկայում։ Ներկայում պէտք ա միշտ երջանիկ լինել ու երջանկացնել մարդկանց։

Պէտք ա բարի լինել, եթե հնարաւոր ա։ Բայց միշտ անկեղծ, նոյնիսկ երբ դժուար ա։ Պէտք ա յարգալից լինել, բաց ու խոցելի։ Աւելի արագ զարգանալու ձեւ չգիտեմ։

Սեփական գոյութիւնը գնահատելու, կարեւորելու համար պէտք ա յաճախ շնորհակալութիւն յայտնել, որ տեսանելի դառնայ թե ինչքան մարդ ա օգնում քեզ։ Ապա անտարբեր չի քո (գոյութեան) հանդէպ։

Անտեսանելի աշխարհի ուղեցոյց

Աշխարհը օրէնքների բազմութիւն է։ Չկայ մի բան որ անօրէն լինի։ Մեր լեզուի մէջ դա արտայայտուած է «յօրինել» (յ + օրէնք) բառով, որ նշանակում է օրէնքի բերել, նոր օրէնք սահմանել։

Աթեիստական որոշ թէզերում աստծոյ գոյութիւնը բացառուած է հէնց այդ պատճառով, որ չի կարող լինել ամենակարող, ամենատես եւ համատարած մի բան։ Ամէն ինչի գոյութիւնը սահմանափակուած է օրէնքներով։

Յատկանշական է կարդալ Դաւիթ Անյաղթի կարծիքն այդ մասին՝

Դավիթ Անհաղթի Փիլիսոփայության Մարդաբանական Ուղղվածությունը - Ս.Ս. Պետրոսյան

Օրէնքների սահմաններում մարդկային փոխյարաբերութիւնները նման են խաղի։ Լինեն դրանք ընկերական, աշխատանքային, սիրային թե այլ հարթութիւններում։ Ինչպէս բոլոր խաղերում, այստեղ էլ դու կարող ես հմտանալ միայն ազնիւ եւ շատ խաղալով։

Հետեւաբար մարդու համար անտեսանելի աշխարհում յաջողութեան հասնելու միակ բանաձեւը ազնիւ եւ շատ խաղալն է։ Ազնւութիւնը կարեւոր է երկու պատճառով՝

  • զարգանալ ճիշտ ուղղութեամբ,
  • ստանալ նոր խաղերի հրաւէրներ։

Նոյն տրամաբանութեամբ էլ ձեւաւորուել է բոլորիս ծանօթ՝ «կարեւորը մասնակցութիւնն է» արտայայտութիւնը։ Քան զի մասնակցութիւնը ենթադրում է հրաւիրուած լինել եւ զարգանալու նպատակ ունենալ։

Վերնագիրը ոգէշնչուած երաժշտութիւնից՝

Կախուածութիւն

Կախուածութիւն

Հասարակութիւն

Կախուածութիւն

Կապեր

Հատուած 1929թ.-ին հրատարակուած «Հեռագիր, Հեռախոս, Ռադիո» գրքիրց։ Դեռ մէկ դար առաջ մարդիկ հասկացել էին, որ առանց կապի դժուար է զարգանալ։

հատուած գրքից

Այս բոլորը ստիպեցին մարդ-կանց մտածել իրար հետ կապ հաստատելու միջոցների մասին։