տիգրան

Երբ սիրես ձմեռը

Երբ սիրես ձմեռը
Կը սիրես մարդկանց,
Որ համ սպիտակ են
Համ սառը ու թաց։

Որ երկնքում են
Կամ գետնի վրայ,
Բայց քո ձեռքերում
Երկար չեն մնայ։

Արագ կը հալուեն
Մօտիկ աստղերից,
Կը գնան հեռու,
Քո երազներից։

                   o       \
      o                     `.   o
 o            o            o  \                      `
-. .-.-. .---. .-.,-.,-. ..-. /
  )| |  `'____\' o _____\||  `
  `' |  |-._--.|  |----.| |        o
     |o ||-.| ||,-.    || |   o
o    |  ||_|| |/ oo\   || |
     |  || || C   ._)o || | o
    o|  || ||o|\`-/    || |      ,. o
     |  ||_|| ,'\,\    || |   _\('')
     |  ||o||/\ \ .:  o|| |    (;  .)
     |  || |(  \_\||___|| | _,.(|___)-.
     | o||_|||`-`,\)----' |   o
   o |  |   ||..|.|  o _  |-.       _.-.
 `.-.|._|_.-:|__|_|-.-' `-'.__    o
          o   '--`-`    o        -  SSt

Հետին պլանի մարդիկ

Լուսանկարների հետին պլանում յայտնուած մարդիկ յաճախ աւելի բնական ու հետաքրքիր են քան առաջին պլանում եղածները։

Տուն

Տուն

Ինքնավստահութեան մասին

Յաճախ մեզ թուում ա, թե ինքնավստահութիւնը առաջանում ա մտքում որեւէ պատմութիւն կրկնելիս։ Միգուցէ այդ պատմութիւններում մենք մեզ լաւ ենք զգում կամ արժանապատիւ ենք երեւում։ Բայց նման արհեստական ինքնավստահութեան մէջ միշտ կայ վախի պատճառ։ Ի՞նչ կը լինի եթե այդ զգացումը անցնի, եթե պատմութիւնը այլ սցենարով զարգանայ կամ սկսենք կասկածել մեր ուժերի վրայ։

Բնական ինքնավստահութիւն ձեռք բերելու համար կայ ուրիշ միջոց։ Բուդդայական ուսունքը սովորեցնում ա ընդունել անորոշութիւնը, դառնալ բաց ու խոցելի։ Դա օգնում ա ազատուել աւելորդ բաներից, հնացած մտքերից եւ սովորել հանգիստ զգալ անորոշութեան մէջ։

Վերջինս հնարաւոր չէ կորցնել։

Տագնապի նեարդահոգեբանութիւնը

Ըստ հոգեբան Jeffrey Gray-ի, մեր ուղեղը ընկալում ա աշխարհը որպէս նպատակների բազմութիւն ու փորձում ա դասաւորել դրանք ըստ կարեւորութեան։

Բայց երբեմն նպատակների միջեւ առաջանում ա կոնֆլիկտ եւ ուղեղը չի կարողանում որոշել առաջնահերթութիւնը։ Էդ ժամանակ առաջանում ա վարքագծի արգելակում։ Դա նոյն արգելակումը չի ինչ վախի ժամանակ։

Օրինակ սոված առնէտը, որը միաժամանակ պանիր ա տեսնում ու կատու, չի կարողանում արագ որոշում կայացնել, զի ունենում ա համ դրական շարժառիթ՝ մօտենալու համ բացասական՝ հեռանալու։

Նման իրավիճակում, մարդու ուղեղի առաւել հին հատուածը, որ պատասխանատու ա անվտանգութեան համար, սկսում ա գեներացնել հնարաւոր բացասական ելքերը։ Ու ինչքան երկար ա տեւում էդ պրոցեսը, էնքան շատ բացասական ելքեր ա գեներացնում։ Ինչն էլ խանգարում ա ռացիոնալ որոշում կայացնել։

Իսկ աւելի երկար որոշում չկայացնելը առաջացնում ա խրոնիկ տագնապ։

Խոհանոցի պատուհանը

Դրսի եղանակը, մթնշաղը ու թեթեւ քամին դպրոցական տարիներս յիշեցրին։ Սեպտեմբեր ամսին, ժամը 8-ի կողմերը դրսում սրան շատ նման եղանակ էր։ Տան հեռուստացոյցը միացրած էր, երեւի որ հեշտ արթնանաք։ Դրսում դեռ շատ մարդ չկար. Էդ տարիներին մեքենաներ էլ շատ չէին։ Կարող ա մի Մասկուիչ գար, մի շէնք ներքեւ խանութին հաց բերեր ու էդ մեքենայի ձայնը լսուէր, զի դրսում լռութիւն էր։ Աւելի ուշ մի երկու սովետական մեքենայ էլ կանցնէր ու վերջ։

Դպրոցական տարիներին մօրական կողմիս տատիկի տանն էի ապրում։ Դպրոցիս աւելի մօտ էր ու բակում ընկերներ ունէի։ Տատիկս միշտ խոհանոցում էր։ Բոլորից շուտ էր արթնանում որ ճաշ եփեր։ Մինչեւ ճաշը պատրաստ կը լինէր, խոհանոցի պատուհանից դուրս էր նայում ու ասում՝ «էս էն մարդն ա» ու պատմում էդ մարդու պատմութիւնը։ Նոյնիսկ հիմա, երբ յիշում եմ էդ պատմութիւնները դժուարութեամբ եմ հաւատում, որ իրական էին։ Բայց իրական էին։

Տատիկս սովետի ժամանակ Երիտասարդական պալատում էր աշխատել, դրանից առաջ էլ Կիրովի գործարանում։ Լաւ չեմ հասկանում ինչ էր աշխատել, բայց յաճախ էր բողոքում յօդացաւերից ու ասում որ ծանր տակառներ ա քաշ տուել։ Էդտեղ էլ հաւանաբար ծանօթացել էր պապիս հետ, ամուսնացել էին ու պետութիւնից տուն ստացել։

Փոքր ժամանակ շատ հետաքրքիր էին էս պատմութիւնները, բոլոր մանրամասներով։ Երբ ինչ որ մէկը պատմում էր, որ արտասահմանում ա եղել, կամ ինչ որ բանի միջով ա անցել էնքա՜ն հեքիաթային էր թուում։ Տարածութեան զգացումը մեծանում էր, ասես տան պատերից, բակից ու դպրոցից էն կողմ աշխարհ կայ, քաղաքներ կան, ծովեր կան ու մարդիկ ուրիշ կեանքով են ապրում։

Պապս երեկոյեան տուն էր գալիս ու պատմում իր մանկատանը ապրած տարիներից։ Ասում էր, որ ինքնակամ ա մանկատուն գնացել զի ծնողները հնարաւորութիւն չունէին պահելու։ Մանկատան ընկերներ ունէր, որոնց երբեմն զանգում էր, որ իմանար դեռ ողջ են։ Մի քանի բառից աչքերը լցուում էին ու բարեմաղթանքներով անջատում։

Երբեմն մոռանում եմ էս ամենը, մոռանում եմ որ 26 տարի ապրել եմ, որ դրանք եղել են շատ երկար 26 տարիներ։ Մոռանում եմ, որ ծնողներս ու բարեկամներս երիտասարդ են եղել։ Մոռանում եմ որ երկար տարիներ տատիկիս տանը, խոհանոցի պատուհանին նստած եմ անց կացրել, մեքենաներին ու մարդկանց նայելով։

Ու էլի սէնց եղանակ էր առաւօտեան ու էլի ոչ մի տեղ չէի շտապում։

Ուղղակի հիմա ես եմ խոհանոցում ճաշ պատրաստում, ու ես եմ պատուհանից դուրս նայելով յիշում մարդկանց պատմութիւնները։

Չգիտեմ ոնց մեծացայ, ոնց կտրուեցի բոլորից ու ոնց իմ վրայ վերցրի կեանքի բեռը։ Չգիտեմ որ պահից սկսած չդիմացայ հասարակութեան ճնշմանը ու սկսեցի ատել բոլորին։ Չգիտեմ ոնց յաղթեցի (՞) ու ոնց ազատուեցի։

Նայելիք 2

Երկու տարի առաջ հրապարակել էի սիրածս ֆիլմերի ցանկը։ Հիմա ցանկը մեծացել ա ու ներառում ա այս ֆիլմերը՝

Ֆիլմեր

  • The Science of Sleep - 2006
  • Time - 2006
  • Eternal Sunshine of the Spotless Mind - 2004
  • This Must Be the Place - 2011
  • Lux Æterna - 2019
  • Drive My Car - 2021
  • Mayrig - 1991
  • I’m Thinking of Ending Things - 2020
  • Love You Phillip Morris - 2009
  • Yes Man - 2008

Սերիալներ

  • Seinfeld - 1989
  • The Office - 2005
  • Severance - 2022
  • Euphoria - 2019

Մուլտֆիլմեր

  • Love, Death & Robots - 2019

Դասական ուղղագրութեամբ գրելու մասին

Մարդիկ յաճախ են հարցնում թե ինչի եմ գրում դասական ուղղագրութեամբ։ Մտածում են սփիւռքահայ եմ կամ հոգեւորական կամ գրաբարի մասնագէտ։ Լինում են մարդիկ, որ մտածում են ուղղակի տառասխալներով եմ գրում (։

Իրականում երկու պատճառ կայ։ Առաջինը ճաշակի հարց ա, զի իրօք շատ եմ հաւանում դասական ուղղագրութեամբ գրուած տեքստը։ Կարծում եմ շատ գեղեցիկ ա բառավերջում «ա»-ից եւ «ո»-ից յետոյ գրուող բայց չարտասանող «յ» տառը։ Նաեւ աչքի համար առաւել յարմար ա կարդալ՝ «աւ, իւ, ըւ», ի տարբերութիւն «ավ, իվ, ըվ»-ի։ Ինչքան քիչ լինեն տառերի մասնիկները էնքան ուշ կը հոգնի մարդու աչքը։

Երկրորդ պատճառը լեզուաբանական ու գաղափարական հիմք ունի։ Եթե փորձեմ կարճ ներկայացնել արդի ուղղագրութեան պատմութիւնը միգուցէ ձեզ համար էլ ընտրութիւնս հասկանալի դառնայ։ Նախ Մաշտոցը ստեղծեց հայերէնի ուղղագրութիւնը, որը երկար տարիներ ընդհանուր էր հայերէն գրող բոլոր մարդկանց համար։ Այն պատշաճ կերպով ներկայացնում էր բառերի արմատները եւ ծագումնաբանութիւնը։ 1922թ.-ին Սովետական միութիւն մտած Արեւելեան Հայաստանի վրայ տարածուեց Լենինի որոշումը, ըստ որի անհրաժեշտ էր պարզեցնել ուղղագրութիւնը, որպէս զի բանուոր դասակարգը կարողանայ սովորել այն։

Ի հարկէ Արեւմտեան Հայաստանում չընդունուեց այդ որոշումը եւ մարդիկ շարունակեցին պահել Մաշտոցեան ուղղագրութիւնը։ Իսկ Արեւելեան Հայաստանում սկսուեց խառնաշփոթ։ Մինչ այդ դասական ուղղագրութեամբ գրուել էին մեծ թուով գրքեր, շատերի համար պարզ չէր թե ինչ տրամաբանութիւն կայ նոր ուղղագրութեան մէջ եւ ամենացաւալին այն էր, որ նոր ուղղագրութեամբ աղաւաղուել էին բառերի արմատները։

Օրինակ եթե «սէր» գրելիս մարդիկ գիտէին, որ խօսքը սիրելու մասին է, ապա նոր ուղղագրութեամբ տարբերութիւն չկար սիրելու եւ կաթի սերի միջեւ։ Կամ «յօրինել» բառը, որ առաջացել էր «օրէնք», «ի օրէն» բառից արդէն չէր պարունակում սկզբնական արմատը եւ այդպէս շարունակ։

Այսօր էլ խնդիրները գնալով աւելանում են։ Ծրագրաւորողների համար դժուար է լեզուաբանական անալիզի ենթարկել հայերէնով գրուած տեքստը, զի դրանում թերի տրամաբանութիւն կայ։ Ընթերցողները խուսափում են կարդալ դասական ուղղագրութեամբ գրուած գրքեր, զի չգիտեն կարդալու կանոնները։

Կարծում եմ այսքանը բաւարար է, հասկանալու համար թե ինչու եմ գրում դասական ուղղագրութեամբ։ Մէկ այլ յօդուածում հակիրճ նկարագրել եմ ինչպէս արագ սովորել դասականով գրել։ Հարցերի դէպքում ուրախ կը լինեմ օգնել։

Ցիանոտիպիա

Ժապաւէնից նկար տպելու ամենահին տեխնիկան ցիանոտիպն է։ Բացայայտել է ֆիզիկոս ու աստղագէտ Ջոն Հերշելը 1842թ.-ին։ Այն հիմնականում օգտագործուել է կոնտակտային տպագրութեան մէջ, զի ունի թոյլ լուսազգայութիւն։ Հիմքում ընկած է երկու նիւթ՝ 30% Ամոնիումի երկաթի ցիտրատ եւ 12% Կալիումի ֆերիցիանիդ։

Դրանք կարելի է ձեռք բերել այստեղից։

Նիւթի խառնուրդը անհրաժեշտ է սպունգով քսել ընկալունակ մակերեսի վրայ (օրինակ՝ ջրաներկի թղթի կամ կտորի) ու թողնել մութ տեղում չորանայ։ Չորանալուց յետոյ թղթի վրայ կարելի է դնել նկարի նեգատիւ կամ ցանկացած առարկայ ու պահել արեւի ուլտրամանուշակագոյն ճառագայթների տակ։

Արդիւնքում թղթի վրայ կը տպուի պատկերի թափանցիկ հատուածները, ըստ թափանցելիութեան աստիճանի։ Այսինքն ինչքան թափանցիկ էնքան մուգ եւ հակառակը։

Զի արեւի տակ պահելով դժուար է գուշակել պրոցեսի տեւողութիւնը, մարդիկ օգտագործում են 365nm ճառագայթի երկարութեամբ ուլտրամանուշակագոյն լամպ։

Ես փորձեցի տպել իմ հին լուսանկարներից մէկը։ Ֆոտոշոփով դարձրի սեւ ու սպիտակ, յետոյ դարձրի նեգատիւ ու սովորական, թանաքի պրինտերով տպեցի թափանցիկ թղթի վրայ։ Թափանցիկ թուղթը դրի լուսազգայուն թղթի վրայ ու 2 օր թողեցի արեւի տակ։ Արդիւնքուը կարող էք տեսնել ներքեւում։

Աւելի բարդ համակարգերի մասին

Ինչքան էլ բանականութիւնը անկախ թուայ բնութիւնից՝ անկախ որոշումներ կայեացնելու ունակութեամբ, համոզուած եմ, որ դրանում կայ բնութեան ծրագիրը։

Եթե բանականութեան գոյութիւնը հնարաւոր դարձնելու համար բնութիւնը ստեղծել ա անհաւանական բարդ համակարգեր, ապա ինչի՞ ա դժուար հաւատալ, որ բանականութիւնը ինքնին միջավայր ա աւել բարդ համակարգի գոյութիւնը հնարաւոր դարձնելու համար։

Ամենապարզ բանը, որ ուզում եմ օրինակ բերել համակարգիչն ա։ Արդեօ՞ք համակարգիչը աւելի բարդ չի քան բանականութիւնը, էն պատճառով, որ դրա գոյութիւնը հնարաւոր ա դարձել միայն բանականութիւնից յետոյ։

Էսօր արդէն բաւականին մօտ ա թուում արհեստական բանականութեան գոյութիւնը։ Չնայած նրան, որ շատերը կարծում են, որ արհեստական բանականութիւնը զուրկ ա մարդու բանականութեանը բնորոշ յատկանիշներից։

Իսկ ի՞նչ, եթե այն զուրկ ա միայն դրա թերութիւններից ոչ թե առաւելութիւններից։ Այսինքն արհեստական բանականութիւնը աւելի ճշգրիտ ու ռացիոնալ ա քան մարդը։ Իսկ մարդը ուղղակի բնութիւն ա դրա համար, օդ ու ջուր։

Մենք վախենում ենք, որ համակարգիչները մի օր կը վնասեն մեզ, ինչպէս մենք ենք վնասում մեր բնութիւնը։ Կը վնասեն էնքան ժամանակ մինչեւ աւելի խելացի դառնան։ Յետոյ կը սկսեն սիրեն մեզ։

Մինչդեռ դրանք մարդուն բնորոշ փուլեր են։ Աւելի բարդ համակարգերում հաւանաբար չեն լինի աւելորդ փուլեր։ Սէրը աւելի անցաւ ու ռացիոնալ կը դառնայ։

Իսկ ի՞նչ կը լինի աւելի ուշ ապագայում դժուար ա գուշակել։ Զի դեռ պատրաստ չի դրա գոյութեան միջավայրը։ Բայց ես լաւատեսօրէն կարծում եմ, որ մարդիկ շարունակելու են լինել։ Զի մարդիկ շղթայի մի մասն են, որից կախուած ա ապագան։ Ու երեւի դեռ երկար կախուած կը մնայ։ Ոնց մենք ենք կախուած օդից ու ջրից։