Մարդիկ յաճախ են հարցնում թե ինչի եմ գրում դասական ուղղագրութեամբ։ Մտածում են սփիւռքահայ եմ կամ հոգեւորական կամ գրաբարի մասնագէտ։ Լինում են մարդիկ, որ մտածում են ուղղակի տառասխալներով եմ գրում (։

Իրականում երկու պատճառ կայ։ Առաջինը ճաշակի հարց ա, զի իրօք շատ եմ հաւանում դասական ուղղագրութեամբ գրուած տեքստը։ Կարծում եմ շատ գեղեցիկ ա բառավերջում «ա»-ից եւ «ո»-ից յետոյ գրուող բայց չարտասանող «յ» տառը։ Նաեւ աչքի համար առաւել յարմար ա կարդալ՝ «աւ, իւ, ըւ», ի տարբերութիւն «ավ, իվ, ըվ»-ի։ Ինչքան քիչ լինեն տառերի մասնիկները էնքան ուշ կը հոգնի մարդու աչքը։

Երկրորդ պատճառը լեզուաբանական ու գաղափարական հիմք ունի։ Եթե փորձեմ կարճ ներկայացնել արդի ուղղագրութեան պատմութիւնը միգուցէ ձեզ համար էլ ընտրութիւնս հասկանալի դառնայ։ Նախ Մաշտոցը ստեղծեց հայերէնի ուղղագրութիւնը, որը երկար տարիներ ընդհանուր էր հայերէն գրող բոլոր մարդկանց համար։ Այն պատշաճ կերպով ներկայացնում էր բառերի արմատները եւ ծագումնաբանութիւնը։ 1922թ.-ին Սովետական միութիւն մտած Արեւելեան Հայաստանի վրայ տարածուեց Լենինի որոշումը, ըստ որի անհրաժեշտ էր պարզեցնել ուղղագրութիւնը, որպէս զի բանուոր դասակարգը կարողանայ սովորել այն։

Ի հարկէ Արեւմտեան Հայաստանում չընդունուեց այդ որոշումը եւ մարդիկ շարունակեցին պահել Մաշտոցեան ուղղագրութիւնը։ Իսկ Արեւելեան Հայաստանում սկսուեց խառնաշփոթ։ Մինչ այդ դասական ուղղագրութեամբ գրուել էին մեծ թուով գրքեր, շատերի համար պարզ չէր թե ինչ տրամաբանութիւն կայ նոր ուղղագրութեան մէջ եւ ամենացաւալին այն էր, որ նոր ուղղագրութեամբ աղաւաղուել էին բառերի արմատները։

Օրինակ եթե «սէր» գրելիս մարդիկ գիտէին, որ խօսքը սիրելու մասին է, ապա նոր ուղղագրութեամբ տարբերութիւն չկար սիրելու եւ կաթի սերի միջեւ։ Կամ «յօրինել» բառը, որ առաջացել էր «օրէնք», «ի օրէն» բառից արդէն չէր պարունակում սկզբնական արմատը եւ այդպէս շարունակ։

Այսօր էլ խնդիրները գնալով աւելանում են։ Ծրագրաւորողների համար դժուար է լեզուաբանական անալիզի ենթարկել հայերէնով գրուած տեքստը, զի դրանում թերի տրամաբանութիւն կայ։ Ընթերցողները խուսափում են կարդալ դասական ուղղագրութեամբ գրուած գրքեր, զի չգիտեն կարդալու կանոնները։

Կարծում եմ այսքանը բաւարար է, հասկանալու համար թե ինչու եմ գրում դասական ուղղագրութեամբ։ Մէկ այլ յօդուածում հակիրճ նկարագրել եմ ինչպէս արագ սովորել դասականով գրել։ Հարցերի դէպքում ուրախ կը լինեմ օգնել։