Համալսարան

Համալսարանն ինձ մասնագէտ չդարձրեց։ Բայց ես պատրաստ էի վճարել այդ չնչին գումարը բարձրագոյն մաթեմատիկա, ֆիզիկա, հաւանականութեան տեսութիւն եւ այլ բազային գիտելիքներ ստանալու համար։ Դրանք ուրիշ տեղ սովորել չէի կարող։

Ասում են մաթեմատիկան օգնում է զարգացնել տրամաբանութիւնը, իսկ ես կաւելացնէի, որ մաթեմատիկան օգնում է հաւատալ գիտութեանը։

Դա կարեւոր է յատկապէս այսօր, երբ մարդիկ նախընտրում են մահանալ համաճարակից քան պատուաստուել դրա դէմ։ Գիտութեան հանդէպ հաւատը մեծանում է գրատախտակին խնդիր լուծելով, երբ մարդը տեսնում ու զգում է, որ իր ենթադրութիւնները բաւականին հեռու են իրականութիւնից։

Նորաձեւ է ասել, որ բոլոր յաջողակ գործարարները նախկինում համալսարանից դուրս մնացած մարդիկ են։ Սակայն զաւեշտալի է, երբ դա ասում են Պոլիտեխնիկից դուրս մնացած ուսանողները, հաշուի առնելով Պոլիտեխնիկի ներկայիս վիճակը։

Ես Պոլիտեխնիկում սովորել եմ հինգ տարի, ստացել եմ կապոյտ դիպլոմ ցածր գնահատականներով, բայց գիտեմ, որ թուերին արժէ հաւատալ։

Գնալու մասին

Դու երազում ես գնալ հեռո՜ւ հեռո՜ւ մի քաղաք, մոռանալով առօրեայ հոգսերդ եւ մարդկանց։ Ապրել մի վայրում, որտեղ շէնքերը իրենց հմայքով իմաստաւորում են կեանքը։ Մի տեղ, որտեղ անյայտ լինելու ցանկութիւնն աւելի մեծ է քան յայտնութեանը։ Մի տեղ, որտեղ դեռ ոչ ոք քեզնից սպասելիք չունի։

Բայց արդե՞օք կարող է քաղաքը փոխել քեզ։ Ամէն նոր բան, որ կարծես գտնուած իմաստ լինի, շուտով նորից կը կորչի, երբ մաշուի։ Եւ դու նորից գլխիդ հաւաքած կը լինես մարդկանց, որոնց կողմից բնաւ չէիր ցանկանայ ճանաչուած լինել։ Դու կը շարունակես փոխուել ամէն օր եւ քեզնից կը շարունակեն պահանջել, որ նոյնը մնաս։

Հեռուն էլ հեռու չի թուայ։

Բայց յաջորդ անգամ քո երազանքն առաւել անառիկ կը լինի։

Ժապաւէնը մենք ենք

Ժապաւէնը նախկինում երբեք լոյս չտեսած, էութեամբ զգայուն բայց ամուր մարմնով մենք ենք, որ կը բացուենք գիշերուայ մթութեան մէջ եւ կը ջանանք յիշել միայն գեղեցիկը։

Ժապաւէնով լուսանկարելու մասին

Ժապաւէնով լուսանկարելու առաջին յիշողութիւններս դպրոցական տարիներից են։ Առաջին անգամ այցելել էի Զուարթնոց օդանաւակայեան, զարմիկիս ռուսաստան ճանապարհելու կապակցութեամբ, երբ տեսայ Արթուր Թարխանեանի նախագծած օդանաւակայեանի շէնքը։ Զգացի, որ ուզում եմ նկարել։ Վերցրի ընտանեկան ֆոտոապարատը եւ արեցի իմ առաջին լուսանկարը։

Զուարթնոց օդանաւակայեան

Այդ տարիներին ժապաւէնների երեւակմամբ կը զբաղուէր համադասարանցուս հայրը։ Նա աշխատում էր լուսանկարչական արհեստանոցում, ինչի շնորհիւ կարողանում էինք հեշտութեամբ ձեռք բերել ժապաւէն։

Բայց եկաւ մի շրաջան, երբ ժապաւէնով լուսանկարելը այլեւս արդիական չէր։ Թուային խցիկները հնարաւորութիւն տուեցին նկարելուց առաջ նախապէս դիտել պատկերը, որոշել կիզակէտը, չափել լուսաւորութիւնը եւ նման բաներ։ Այդպէս ես դադարեցի ժապաւէնով նկարելը, մինչ վերջերս, երբ իմացայ, որ Հայաստանում դեռ կայ նման մշակոյթը։

Ահա մէկ ամիս առաջ Smena 8M խցիկով եւ Ilford Pan 400 ժապաւէնով նկարածս նկարներից մի քանիսը՝

Բանուորի գործ

Երբեք քնից չյագեցած, կեանքի ողբերգութիւնը ապրելով վեր կացայ մահճակալից։

Փականագործ քեռիս կասեր՝ «գործիդ անունը ի՞նչ ա, որ յոգնած ես»։ Դէ արի ու բացատրի, որ ես էլ իմ գործի բանուորն եմ։

Բանուորութեան մէջ լաւ բան չկայ, մարդկանց յարմարաւէտութիւն է պէտք բանուորին փող։ Մտաւոր փոշուց ու անորոշութեան ծանրութիւնից յոգնած, ամէն անգամ բահին հենուելով մտածում եմ՝ ափսոս որ գրող չդարձայ։

Յետոյ գալիս է հերթական յաճախորդը։ Ինքնաթիռի գծագիրը թեւի տակ, գալիս է ու խնդրում, որ աթոռ պատրաստենք։ Աթոռ պատրաստելը ի՞նչ է որ։ Պատուէրը վերցնում ենք, ինքնաթիռի գծագիրը տալս են ձեռքս ու գնում տներով։

Մտքումս քեզ հետ

Շատացել է եւ կարօտս,
Եւ ձմեռն է սաստկացել,
Ես քնել եմ ու մտքումս
Երբեք էլ չեմ արթնացել։

Տարբեր վայրեր եմ այցելում,
Քայլում քամուն հակառակ,
Ես քնել եմ, որ մտքումս
Քեզ հետ մնամ շարունակ։

Հոֆմանի զեկոյցը LSD-25-ի մասին

1943թ.-ին Շվերցարացի քիմիկոս Ալբերտ Հոֆմանը, լաբարատոր ուսումնասիրութիւնների ժամանակ սինթեզելով մի քանի գրամ լիզերգինաթթու, անսպասելի վատացաւ եւ ստիպուած եղաւ ընդհատել աշխատանքը։ Ըստ էութեան Հոֆմանը թունաւորուել էր իր իսկ ստեղծած LSD-25 նիւթից։ Թունաւորման փաստը եւ դրան յաջորդած երեւոյթները այնքան անսպասելի եւ տարօրինակ էին, որ գիտնականը որոշեց եւս մէկ փորձարկում իրականացնել։

Զեկոյց փորձի մասին

19.04.1943թ. 16:20: Ընդունեցի լուծոյթը օրալ ճանապարհով։ Համ չունի։
17:00: Նշմարւում է գլխապտոյտ, տագնապի զգացում, տեսողական աղճատում, կաթուածի ախտանիշներ, ծիծաղելու ցանկութիւն։
Լրացում 21:04-ից՝
Տուն գնացի հեծանիւով։ 18:00 – հասայ 20:00 առաւել ծանր ճգնաժամ։ (Նայել յատուկ զեկոյցը)։

Այստեղ իմ լաբարատոր մատեանում նշումները աւարտւում են։ Վերջին բառը գրելիս մեծ ջանք գործադրեցի։ Հիմա արդէն պարզ է, որ հէնց LSD-ի պատճառով էր տեղի ունեցել նախորդ ուրբաթ օրուայ միջադէպը, քանզի ընկալողական շեղումները նոյն են՝ ինչ նախորդ անգամ, միայն թե առաւել ուժեղ։ Ես ստիպուած էի լարուել, որպէսզի կարողանամ կապակցուած խօսել։ Օգնականիս, որը տեղեակ էր փորձի մասին, խնդրեցի ինձ տուն ուղեկցել։ Մենք ճանապարհ ընկանք հեծանիւով քանզի ռազմական դրութեան պատճառով մեքենաներ չկային։ Տան ճանապարհին վիճակս աւելի սրուեց։ Տեսադաշտումս եղած ամէն ինչ սկսեց դողալ եւ աղաւաղուել, ինչպէս ծուռ հայելում։ Դրանից բացի ինձ թւում էր, թե մենք չէինք կարողանում շարժուել։ Հետագայում օգնականս պատմեց, որ մենք ընթանում էինք մեծ արագութեամբ։ Վերջապէս ողջ-առողջ հասանք տուն եւ ես մեծ դժուարութեամբ խնդրեցի օգնականիս, որ կանչի մեր ընտանեկան բժշկին եւ կաթ վերցնի հարեւանից։

Չնայած իմ զառանցական, բանականութիւնից զուրկ վիճակին, որոշ կարճ ակնթարթերում կարողանում էի յստակ եւ արդիւնաւէտ մտածել - ես ընտրեցի կաթը որպէս աւանդական միջոց թունաւորման դէմ։

Այդ ժամանակ գլխապտոյտի եւ ուշաթափութեան զգացումները այնքան սրուեցին, որ ես այլեւս չէի կարողանում կանգնած մնալ։ Ստիպուած պառկեցի բազմոցին։ Շրջապատող աշխարհն այլեւս առաւել սարսափելի էր։ Սենեակում ամէն բան պտտւում էր, ծանօթ իրերը եւ կահոյքը ընդունում էին անճոռնի, անցանկալի տեսք։ Դրանք անդադար շարժւում էին, ասես ներքուստ անհանգիստ լինէին։ Դռան մօտ կանգնած կինը, որին ես մեծ դժուարութեամբ ճանաչեցի, ինձ համար կաթ էր բերել - երեկոյի ընթացքում 2 լիտր խմեցի։ Հիմա նա Ռ.-ն չէր, աւելի շուտ նա չար եւ նենգ վհուկ էր ներկուած դիմակով։

Աւելի վատ, քան արտաքին աշխարհի այդ սատանայական փոխակերպումներն էին, փոխուեց սեփական անձիս ընկալումը, նոյնականութիւնս։ Կամարտայայման իւրաքանչիւր ջանք, իւրաքանչիւր փորձ կանգնեցնելու արտաքին աշխարհի փլուզումը եւ սեփական «ես»-ից անջատումը թւում էր անօգուտ։ Ինչ-որ սատանայ էր մտել իմ մէջ, տիրացել մարմնինս, մտքիս եւ հոգուս։ Ես վեր թռայ եւ գոռացի, փորձեցի ազատուել նրանից, բայց յետոյ հանդարտուեցի եւ անօգնական զգալով նորից պառկեցի բազմոցին։ Նիւթը, որի հետ ես ցանկանում էի փորձարկումներ անել նւաճել էր ինձ։ Դա մի չարիք էր, որ արհամարհաբար բռնացել էր կամքիս։ Ինձ համակել էր խելագարուելու վախը։ Ես յայտնուել էի ուրիշ աշխարհում, ուրիշ տեղում եւ ուրիշ ժամանակում։ Թւում էր, թե մարմինս մնացել է առանց զգացմունք, անկենդան եւ օտար։ Միգուցէ մահացե՞լ եմ։ Միգուցէ սա անցո՞ւմ էր։ Ժամանակ առ ժամանակ ինձ թւում էր, թե դուրս եմ եկել մարմնիցս եւ ինչպէս կողմնակի դիտորդ տեսնում եմ վիճակիս եղերականութիւնը։ Ես նոյնիսկ հրաժեշտ չեմ տուել ընտանիքիս։ Արդեօ՞ք կը հասկանան նրանք, որ ես չկշռադատուած, անպատասխանատու փորձարկում չեմ արել, որ դրսեւորել եմ մեծ զգուշութիւն եւ որ նման արդիւնք ոչ մի պարագայում հնարաւոր չէր կանխատեսել։ Իմ վախը եւ յուսահատութիւնը մեծացաւ ոչ միայն նրա համար, որ երիտասարդ ընտանիքը պէտք է կորցնի իր հօրը, այլ նաեւ նրա, որ ես կը կորցնեմ իմ աշխատանք, իմ քիմիական հետազօտութիւնը, որն այդքան կարեւոր էր ինձ համար։ Առաջացաւ եւս մի միտք, գաղափար լի դառը հեգնանքով՝ եթե ես պէտք է ժամանակից շուտ լքեմ այս աշխարհը, ապա դա տեղի կունենայ իմ դիետիլամիդ լիզերգինաթթուի պատճառով, որը ես ինքն եմ ստեղծել եւ աշխարհ բերել։

Մինչ բժշկի գալը իմ անյոյս վիճակը արդէն լաւացել էր։ Օգնականս նրան պատմեց փորձի մասին, քանզի ինքս դեռ չէի կարողանում կապակցուած նախադասութիւններ կազմել։ Նա ոչինչ չհասկանալով շարժեց գլուխը, երբ պատմեցի թե ինչ լուրջ վտանգ է սպառնում իմ մարմնին։ Նա չգտաւ ոչ մի ախտանշան, բացառութեամբ աչքերիս լայնացած բիբերի։ Թե անօթազարկս, թե ճնշումս, թե շնչառութիւնս նորմալ էր։ Նա կարիք չտեսաւ որեւէ դեղ նշանակելու։ Դրա փոխարէն նա ուղեկցեց ինձ անկողին եւ մնաց, որ խնամի։ Աստիճանաբար ես ետ վերադարձայ այդ խորհրդաւոր, անծանօթ աշխարհից դէպի հանգստացնող առօրեայ իրականութիւն։ Վախը թուլացաւ, զիջեց իր տեղը երջանկութեանը ու երախտագիտութեանը, վերադարձաւ ընկալունակութիւնս եւ մտքերս, եւ ես զգացի, որ խելագարութեան վտանգը վերջնականապէս անցել է։

Զեկոյցը թարգմանեցի՝ LSD: My problem child գրքից։

Ամփոփելով 2020թ.-ը

Իրապէս ծանր ժամանակներ էին։

Տարէսկզբին բռնկուած համաճարակը ուղեկցուեց ներքաղաքական լարուածութեամբ եւ տագնապով։ Դա կարծես մի կոշտ ալիք էր սթափութեան, փոքր չափաբաժին այն մեծ ցաւի, որ դեռ գալու էր եւ աւաղ չուշացաւ։

Արցախի սահմանին տարիներ շարունակ մխացող կրակը, որ դարձել էր տարածաշրջանում եղած գերտէրութիւնների խաղաքարտը, շուտով բռնկուեց։ Համաճարակին զինակցելու եկաւ պատերազմը։

21-րդ դարի մարդու համար պատերազմը, համաճարակը եւ քաղաքական խորը լարուածութիւնը ոչ միայն անհամատեղելի այլ նաեւ անընկալելի երեւոյթ էր։ Փլուզւում էին շէնքերը, քաղաքները, իրականութիւնը, մարդիկ, գաղափարները, ապագան, ցերեկը եւ գիշերը։ Աշխարհի մի ծայրում օդ էին բարձրանում տիեզերանաւերը իսկ միւս ծայրում կործանիչները։

Ցերեկուայ մամուլը լցուած էր զինադադարի եւ օգնութեան կանչերով, իսկ գիշերուայ մամուլը՝ խելագարութեան հասցնող լռութեամբ։

«Բայց աւելի վատ ի՞նչ կարող է լինել» հարցնում էին մարդիկ, յուսահատ նայելով միմեանց։ Պարզուեց որ կարող էր։ Աւելի վատ հայկական կողմի պարտութիւնն էր։

Ինչպէս յայտնի է՝ յաղթողին ներում են ամէն ինչ իսկ պատուողին չեն ներում ոչինչ։

2018թ.-ին համազգային շարժման արդիւնքում տեղի ունեցած յեղափոխութիւնը, իշխանութիւնների անհետեւողական քայլերի արդիւնքում վերածուեց քաղաքական վրէժխնդրութեան։ Մի կողմից թուլացած պետութիւնն էր իսկ միւս կողմից իշխանութիւնը զաւթել ցանկացող նախկին սրիկաները։

Իսկ աւելի վատ ի՞նչ կարող է լինել։ Չգիտեմ… Այժմ էլ ցանկանում եմ յուսալ, որ աւելի վատ հնարաւոր չէ։ Յուսալ, որ մի քանի օր անց, երբ մոլորակը կաւարտի իր հերթական պտոյտը արեգակի շուրջ, նոր ու կենսունակ ժամանակաշրջան կը սկսուի բոլորիս համար։

Կարդալիք

Խորհուրդ կը տամ կարդալ՝

Այսպէս խօսեց Զրադաշտը

Կարդացածս ամենատպաւորիչ եւ ամենագեղեցիկ գիրքը, գերմանացի նշանաւոր փիլիսոփայ Ֆրիդրիխ Նիցշէի «Այսպէս խօսեց Զրադաշտը» գիրքն էր։ Ստեղծագործութիւնը Զրադաշտ անունով մի իմաստունի մասին է, որը տարիներ շարունակ ապրելով սարերում, ի վերջոյ որոշում է իջնել մարդկանց մօտ եւ կիսուել նրանց հետ իր իմաստութեամբ։

Գլխաւոր հերոսը՝ Զրադաշտը, յօրինուած կերպար է, որը ներկայացնում է հեղինակի փիլիսոփայութիւնը գերմարդու վերաբերեալ։

Ապուշը

Այս վէպը ռուս գրող, փիլիսոփայ, գրականագէտ Ֆեոդոր Դոստոեւսկու լաւագոյն ստեղծագործութիւնն է։ Այն պատմում է մի երիտասարդ իշխանի մասին, որը երկար տարիներ արտասահմանում բուժում ստանալուց յետոյ վերադառնում է Ռուսաստան։

Պարզ եւ միամիտ մարդու տպաւորութիւն թողնող այդ իշխանը, Ռուսաստան հասնելուն պէս այցելում է իր միակ ազգականին, որպէսզի ծանօթանայ նրա հետ։ Շուտով երիտասարդը դառնում է նրանց դժբախտ ընտանիքի կարեւոր անդամը։

Օտարը

Ֆրանսիացի գրող, փիլիսոփայ Ալպէր Քամիւի «Օտարը» ստեղծագործութիւնը աթեիստական էքզիստենցիալիզմի լաւագոյն օրինակ է։ Այն պատմում է ժամանակակից մարդու յոռետեսութեան, անտարբերութեան, ծնողների հետ ունեցած վատ յարաբերութիւններ մասին։

Կեանքի 12 կանոն

Կանադացի հոգեբան, պրոֆեսոր Ջորդան Փեթերսոնը ժամանակակից, անւանի մտաւորական է։ 2018թ.-ին հրապարակուած «Կեանքի 12 կանոն. Փրկութիւն քաոսից» գրքում, պրոֆեսորը ներկայացնում եւ հիմնաւորում է 12 կանոն, որոնք առաւել կարեւոր են իւրաքանչիւրիս համար։։

Անձկութեան ժամեր

Արեւմտահայ գրող, հանրային գործիչ Զապէլ Եսայեանը իրեն յատուկ խորաթափանց եւ վերլուծողական ոճով պատմում է ամուսնական կեանքի, մարդկային յարաբերութիւնների եւ դրանց վրայ մեծ ազդեցութիւն թողած հասարակական կարծիքի մասին անուրախ մի պատմութիւն։

Վերջինը

Կարդացածս վերջին ստեղծագործութիւնը, հայ արձակագիր, դրամատուրգ Մաթեւոս Դարբինեանի «Վերջինը» վէպն էր։ Հեղինակը պատմում է հայկական եւ թուրքական սահմանակից գիղի, դրանց միջեւ հաստատուած հաշտութեան եւ խաղաղութեան մասին։

Գլխաւոր հերոսը գիւղացի մի կին էր, որի ընտանիքում իրար յաջորդող դժբախտութիւնները, իշխանութիւնների տարածած թշնամանքի եւ հրահրած պատերազմի հետեւանք են դառնում։

Մաստոդոն սոցիալական ցանց

Մաստոդոնը (անգլ.՝ Mastodon) ապակենտրոն սոցիալական ցանց է, որը չի պատկանում ոչ մի կազմակերպութեան։ Տեխնիկական գիտելիքներ ունեցող իւրաքանչիւր մարդ կարող է տեղակայել իր սեփական հանգոյցը եւ այնտեղից հետեւել այլ մարդկանց։ Միեւնոյն ժամանակ տեխնիկական գիտելիքներ չունեցող անձինք կարող են գրանցուել գործող հանգոյցներից որեւէ մէկում եւ դառնալ տուեալ համայնքի անդամ։

Ինչպէ՞ս գրանցուել

Աշխարհում կան մաստոդոնի տասնեակ հանգոյցներ որտեղ գրանցումը բաց է։ Նման հանգոյցներ կարող էք գտնել joinmastodon.org կայքում:

Հայաստանում կայ գործող միայն մէկ հանգոյց՝ թութ.հայ, որտեղ գրանցումը հրաւերով է։ Այնուհանդերձ գրանցուելով ցանկացած այլ հանգոյցում դուք կարող էք հետեւել թթի օգտատերերին։

Եթե արդէն գրանցուել էք ապա ներբեռնէք նաեւ բջջային յաւելուածը։ iOS-ի համար լաւագոյն տարբերակը Amaroq-ն է իսկ Android-ի համար՝ Tusky-ն։ Ամբողջական ցանկը կարող էք տեսնել այստեղ։

Նշուած յաւելուածներում յաճախ չի ստացւում մուտքագրել հանգոյցի հայատառ հասցէն՝ թութ.հայ։ Նման դէպքերում անհրաժեշտ է մուտքագրել հասցէի punycode տարբերակը xn--69aa8bzb.xn--y9a3aq։

Ինչպէ՞ս ստեղծել հանգոյց

Եթե ցանկանում էք ստեղծել ձեր հանգոյցը ապա՝

  1. գնէք գեղեցիկ դոմեն name.am կայքից,
  2. գնէք համապատասխան կարգաւորումներով վիրտուալ սերուեր DigitalOcean-ից,
  3. հետեւէք նշուած կայքերի ցուցումներին։

Այս ամէնը տարեկան կարժենայ մօտ 60,000 դրամ։

Եթե ունէք ձեր անձնական սերուերը ապա կարող էք ներբեռնել մաստոդոնի ելակոդը եւ գործարկել այն ինքնուրոյն։ Դա զգալիօրէն կը նուազեցնի ձեր ծախսերը։