1943թ.-ին Շվերցարացի քիմիկոս Ալբերտ Հոֆմանը, լաբարատոր ուսումնասիրութիւնների ժամանակ սինթեզելով մի քանի գրամ լիզերգինաթթու, անսպասելի վատացաւ եւ ստիպուած եղաւ ընդհատել աշխատանքը։ Ըստ էութեան Հոֆմանը թունաւորուել էր իր իսկ ստեղծած LSD-25 նիւթից։ Թունաւորման փաստը եւ դրան յաջորդած երեւոյթները այնքան անսպասելի եւ տարօրինակ էին, որ գիտնականը որոշեց եւս մէկ փորձարկում իրականացնել։

Զեկոյց փորձի մասին

19.04.1943թ. 16:20: Ընդունեցի լուծոյթը օրալ ճանապարհով։ Համ չունի։
17:00: Նշմարւում է գլխապտոյտ, տագնապի զգացում, տեսողական աղճատում, կաթուածի ախտանիշներ, ծիծաղելու ցանկութիւն։
Լրացում 21:04-ից՝
Տուն գնացի հեծանիւով։ 18:00 – հասայ 20:00 առաւել ծանր ճգնաժամ։ (Նայել յատուկ զեկոյցը)։

Այստեղ իմ լաբարատոր մատեանում նշումները աւարտւում են։ Վերջին բառը գրելիս մեծ ջանք գործադրեցի։ Հիմա արդէն պարզ է, որ հէնց LSD-ի պատճառով էր տեղի ունեցել նախորդ ուրբաթ օրուայ միջադէպը, քանզի ընկալողական շեղումները նոյն են՝ ինչ նախորդ անգամ, միայն թե առաւել ուժեղ։ Ես ստիպուած էի լարուել, որպէսզի կարողանամ կապակցուած խօսել։ Օգնականիս, որը տեղեակ էր փորձի մասին, խնդրեցի ինձ տուն ուղեկցել։ Մենք ճանապարհ ընկանք հեծանիւով քանզի ռազմական դրութեան պատճառով մեքենաներ չկային։ Տան ճանապարհին վիճակս աւելի սրուեց։ Տեսադաշտումս եղած ամէն ինչ սկսեց դողալ եւ աղաւաղուել, ինչպէս ծուռ հայելում։ Դրանից բացի ինձ թւում էր, թե մենք չէինք կարողանում շարժուել։ Հետագայում օգնականս պատմեց, որ մենք ընթանում էինք մեծ արագութեամբ։ Վերջապէս ողջ-առողջ հասանք տուն եւ ես մեծ դժուարութեամբ խնդրեցի օգնականիս, որ կանչի մեր ընտանեկան բժշկին եւ կաթ վերցնի հարեւանից։

Չնայած իմ զառանցական, բանականութիւնից զուրկ վիճակին, որոշ կարճ ակնթարթերում կարողանում էի յստակ եւ արդիւնաւէտ մտածել - ես ընտրեցի կաթը որպէս աւանդական միջոց թունաւորման դէմ։

Այդ ժամանակ գլխապտոյտի եւ ուշաթափութեան զգացումները այնքան սրուեցին, որ ես այլեւս չէի կարողանում կանգնած մնալ։ Ստիպուած պառկեցի բազմոցին։ Շրջապատող աշխարհն այլեւս առաւել սարսափելի էր։ Սենեակում ամէն բան պտտւում էր, ծանօթ իրերը եւ կահոյքը ընդունում էին անճոռնի, անցանկալի տեսք։ Դրանք անդադար շարժւում էին, ասես ներքուստ անհանգիստ լինէին։ Դռան մօտ կանգնած կինը, որին ես մեծ դժուարութեամբ ճանաչեցի, ինձ համար կաթ էր բերել - երեկոյի ընթացքում 2 լիտր խմեցի։ Հիմա նա Ռ.-ն չէր, աւելի շուտ նա չար եւ նենգ վհուկ էր ներկուած դիմակով։

Աւելի վատ, քան արտաքին աշխարհի այդ սատանայական փոխակերպումներն էին, փոխուեց սեփական անձիս ընկալումը, նոյնականութիւնս։ Կամարտայայման իւրաքանչիւր ջանք, իւրաքանչիւր փորձ կանգնեցնելու արտաքին աշխարհի փլուզումը եւ սեփական «ես»-ից անջատումը թւում էր անօգուտ։ Ինչ-որ սատանայ էր մտել իմ մէջ, տիրացել մարմնինս, մտքիս եւ հոգուս։ Ես վեր թռայ եւ գոռացի, փորձեցի ազատուել նրանից, բայց յետոյ հանդարտուեցի եւ անօգնական զգալով նորից պառկեցի բազմոցին։ Նիւթը, որի հետ ես ցանկանում էի փորձարկումներ անել նւաճել էր ինձ։ Դա մի չարիք էր, որ արհամարհաբար բռնացել էր կամքիս։ Ինձ համակել էր խելագարուելու վախը։ Ես յայտնուել էի ուրիշ աշխարհում, ուրիշ տեղում եւ ուրիշ ժամանակում։ Թւում էր, թե մարմինս մնացել է առանց զգացմունք, անկենդան եւ օտար։ Միգուցէ մահացե՞լ եմ։ Միգուցէ սա անցո՞ւմ էր։ Ժամանակ առ ժամանակ ինձ թւում էր, թե դուրս եմ եկել մարմնիցս եւ ինչպէս կողմնակի դիտորդ տեսնում եմ վիճակիս եղերականութիւնը։ Ես նոյնիսկ հրաժեշտ չեմ տուել ընտանիքիս։ Արդեօ՞ք կը հասկանան նրանք, որ ես չկշռադատուած, անպատասխանատու փորձարկում չեմ արել, որ դրսեւորել եմ մեծ զգուշութիւն եւ որ նման արդիւնք ոչ մի պարագայում հնարաւոր չէր կանխատեսել։ Իմ վախը եւ յուսահատութիւնը մեծացաւ ոչ միայն նրա համար, որ երիտասարդ ընտանիքը պէտք է կորցնի իր հօրը, այլ նաեւ նրա, որ ես կը կորցնեմ իմ աշխատանք, իմ քիմիական հետազօտութիւնը, որն այդքան կարեւոր էր ինձ համար։ Առաջացաւ եւս մի միտք, գաղափար լի դառը հեգնանքով՝ եթե ես պէտք է ժամանակից շուտ լքեմ այս աշխարհը, ապա դա տեղի կունենայ իմ դիետիլամիդ լիզերգինաթթուի պատճառով, որը ես ինքն եմ ստեղծել եւ աշխարհ բերել։

Մինչ բժշկի գալը իմ անյոյս վիճակը արդէն լաւացել էր։ Օգնականս նրան պատմեց փորձի մասին, քանզի ինքս դեռ չէի կարողանում կապակցուած նախադասութիւններ կազմել։ Նա ոչինչ չհասկանալով շարժեց գլուխը, երբ պատմեցի թե ինչ լուրջ վտանգ է սպառնում իմ մարմնին։ Նա չգտաւ ոչ մի ախտանշան, բացառութեամբ աչքերիս լայնացած բիբերի։ Թե անօթազարկս, թե ճնշումս, թե շնչառութիւնս նորմալ էր։ Նա կարիք չտեսաւ որեւէ դեղ նշանակելու։ Դրա փոխարէն նա ուղեկցեց ինձ անկողին եւ մնաց, որ խնամի։ Աստիճանաբար ես ետ վերադարձայ այդ խորհրդաւոր, անծանօթ աշխարհից դէպի հանգստացնող առօրեայ իրականութիւն։ Վախը թուլացաւ, զիջեց իր տեղը երջանկութեանը ու երախտագիտութեանը, վերադարձաւ ընկալունակութիւնս եւ մտքերս, եւ ես զգացի, որ խելագարութեան վտանգը վերջնականապէս անցել է։

Զեկոյցը թարգմանեցի՝ LSD: My problem child գրքից։