Ռիչարդ Ալփերթը ամերիկացի հեգեբան էր, գրող եւ Հարուարդի համալսարանի պրոֆեսոր։ 1960թ-ին նա սկսում է ուսումնասիրել փսիխոդելիկ սնկերի ազդեցութիւնը, եւ իր ընկեր պրոֆեսորների հետ իրականացնում փորձարկումներ։ Նրանք հոգեւորականներին առաջարկում էին փսիխոդելիկներ, որպէսզի հասկանային թե դա ինչպէս է ազդում մարդու հոգեւոր վերապրումների վրայ։
Այդ տարիներին փսիխոդելիկները արդէն համարուում էին արգելուած դեղամիջոցներ։ Դրա պատճառով Հարուարդի համալսարանը խիստ քննադատեց պրոֆեսորների գործունեութիւնը եւ աշխատանքից ազատեց նրանց։ Համալսարանից դուրս Ռիչարդը եւ իր ընկերները շարունակում էին ուսումնասիրել փսիխոդելիկ նիւթերը եւ դրանց ազդեցութիւնը մարդու գիտակցութեան վրայ։
1967թ-ին Ռիչարդը մեկնում է Հնդկաստան, որտեղ ծանօթանում է հինդուիզմի գուռու՝ Նիմ Կարոլի Բաբայի (Մահարաջ-ջի) հետ։ Նա ցանկանում էր իմանալ գուռուի կարծիքը ԼՍԴ-ի մասին։ Ծանօթութեան յաջորդ օրը, գուռուն համաձայնուում է փորձել ԼՍԴ եւ խնդրում է կրկնակի ուժեղ չափաբաժին։
Գուռուի գիտակցութեան հետ ոչ մի փոփոխութիւն տեղի չի ունենում։ Նա Ռիչարդին ասում է, որ նոյն վիճակին կարելի է հասնել մեդիտացիայով, եւ նոյնիսկ կարելի է ապրել այդպէս։
Տեղի ունեցածը մեծ ազդեցութիւն է ունենում Ռիչարդի վրայ, եւ նա դադարում է փսիխոդելիկներ օգտագործել։
Այդ օրուանից Մահարաջ-ջին դառնում է Ռիչարդ Ալփերթի գուռուն, եւ նրան տալիս է «Ռամ Դասս» այսինքն՝ աստծոյ ծառայ, անունը։
