Ռուս գրող, հրապարակախօս, Նոբելեան մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Իսաեւիչ Սոլժենիցինը, որը 1945թ-ին 8 տարով աքսորուեց՝ Լենինին «Վովկա» եւ Ստալինին «Պախան» ասելու պատճառով, այսպէս է արտայայտուել յետխորհրդային ռուսաստանի մասին 1992թ-ի հարցազրոյցում`
— Մեզ պէտք է անցեալից մաքրուել։
Գերմանիայում հազարաւոր մարդիկ դուրս եկան եւ պատմեցին իրենց արածների մասին։ Ոչ թե այն յանցագործութիւնների որոնց պատճառով դատուել եւ կալանաւորուել էին, այլ նրանց որոնք նպաստել էին բռնութեանը։
Մենք պէտք է հէնց այդ կեղտոտ անցեալից մաքրուենք։ Մենք պէտք է բարոյական առումով մաքրուենք։ Դա շատ խորամանկ կարգախօս է՝ «եկէք վհուկների որս չսկսենք»։ Ի՞նչ վհուկների մասին է խօսքը, մեզ ոչ թե վհուկների որս է պէտք այլ ապաշխարանք։
Սարսափելի է կարդալ կենտրոնական կոմիտէի յայտարարութիւնը` «բոլորը մեղաւոր են եղել, բոլոր-բոլորը, սկսած շարքային աշխատողից»։ Ոչ՝ բոլորը մեղաւոր չեն եղել, ամենեւին էլ այդպէս չէ։ Ես միշտ ապրել եմ ցածր սոցիալական խաւում եւ այնտեղից տասնամեակներ շարունակ տեսել այդ սրիկաներին որոնք ստում են։ Ես դեռ չեմ խօսում այն պաշտօնատար անձանց մասին, որոնք օգտագործում էին իշխանութիւնը ճնշումներ գործադրելու համար եւ չեմ խօսում նրանց մասին որոնք կտրում էին գլուխներ եւ գնդակահարում նկուղներում։ Նրանք արժանի են միայն ազատազրկման։
Ես խօսում եմ այն մարդկանց մասին, որոնք այդ ամէնը չեն արել, որոնք միայն շրջկենտրոնում կողմ են քուէարկել բռնութեանը, ունեզրկմանը եւ սուտ խոստումներին։ Նրանք թող դուրս գան եւ պատմեն, թող ասեն որ ընդունում են իրենց մեղքը, որ սխալ են քուէարկել, որ գիտէին ստի մասին, բռնութեան մասին եւ ծառայել են դրան։
Բայց ոչ միայն նրանք։ Լրագրողներն էլ։ Վերջերս լրագրողները մի այնպիսի թատրոն խաղացին… նրանք պրես-կոնֆերանս կազմակերպեցին եւ պատռեցին ուղղափառ եկեղեցու վերնախաւի դիմակը։ Այո, ճիշտ է, եկեղեցին ազգային անվտանգութեան գերին է եղել, սակայն ինչպէ՞ս են համարձակում լրագրողները չսկսել իրենցից։ Ինչո՞ւ նրանք չեն սկսում իրենցից։ Տասնամեակներ շարունակ նրանք խաբել են մեզ, ստով են փակել մեր աչքերը եւ ականջները։
Եթե դա տեղի չունենայ… մեր երիտասարդները յիմար չեն, նրանք կը տեսնեն, որ սրիկաները, ստախօսները եւ կաշառակերները ծաղկում են նաեւ այսօր։ Երիտասարդները պէտք է տեսնեն, որ կեղտոտ գործերի համար պէտք է դուրս գալ, կարմրել, որ կեղտոտ գործերի համար պէտք է ապաշխարել։ Միայն այդ ժամանակ նրանք կը սկսեն մտածել գործելուց առաջ։ Միգուցէ նրանք հասկանան, որ պէտք է ազնիւ ապրել։