28 Յուլիս 2019թ.

Գիշերուայ ժամը 9-ն էր, երբ ինքնաթիռը վայրէջք կատարեց Օդեսայի օդանաւակայանում։ Դուրս գալով ինքնաթիռից ես ու ընկերս մօտեցանք գրանցման պատուհանին։ «Ի՞նչ նպատակով էք այցելել» պատուհանի հետեւից ռուսերէն լեզուով հարցրեց աշխատողը։ Այդպէս մօտ կէս ժամ հարց ու պատասխանից յետոյ վերջապէս ստացանք մուտքի թոյլտուութիւն։

Օդանաւակայանի դիմաց արդէն մէկ ժամ մեզ սպասող վարորդը յուսահատ հեռանում էր, երբ վերջին պահին դուրս եկանք շէնքից։ Հիւրանոց գնալու ճանապարհին մի քիչ դժգոհեց, բայց հասկանում էր որ երկրում խառը ժամանակներ են, Զելենցկին նոր էր նախագահ ընտրուել։

Տասը րոպէ անց հասանք Александровский հիւրանոց։ Այնտեղ թողեցինք մեր իրերը եւ դուրս եկանք զբօսնելու։ Առաջին հայեացքից Օդեսան նման էր Երեւանին։ Ինչ-որ սովետական շունչ կար փողոցների, շէնքերի, պուրակների եւ արձանների մէջ։ Հետեւելով երեւանեան փողոցների տրամաբանութեանը որոշեցինք գտնել քաղաքի կենտրոնը։

Ճանապարհը գնալով աւելի մութ ու ձանձրալի էր դառնում։ Փողոցներում գրեթէ ոչ ոք չկար։ Շուտով հասկացանք որ սխալ ուղղութեամբ ենք գնում։ Յետ դարձի ճանապարհին, դէպի մեզ քայլող երկու հոգի յայտնուեցին։ Մի պահ զարմացանք երբ լսեցինք, որ հայերէն են խօսում։ Մօտեցանք, ծանօթացանք եւ միասին գնացինք խմելու։

31 Յուլիս 2019թ.

Օդեսայում հանրային կեանքը առաւել ակտիւ էր Дерибасовская փողոցում։ Այնտեղ էին գտնուում լաւագոյն սրճարանները, գինետները, նորաոճ մարդիկ եւ հնաոճ շէնքերը։

Երեկոյեան այդ փողոցում մեզ մօտեցան սեւազգեստ երկու օրիորդ։ Հասկանալով որ օտարական ենք փորձում էին գուշակել, թե ինչ լեզուով կարող են խօսել։ Լեզուի հարցը լուծելուց յետոյ աղջիկները պատմեցին, որ աշխատում են մօտակայ խաղատանը։ Խաղատունը նրանց խոստացել էր վճարել ամէն մի նոր այցելուի դիմաց եւ քանզի երեկոյեան պլաններ չունէինք որոշեցինք օգնել նրանց։

Շուտով մօտեցանք մի հնաոճ գեղեցիկ շէնքի, որի վրայ ռուսերէնով գրուած էր՝ «մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակ»։ Աղջիկներից մէկը սեղմեց դռան զանգը եւ փայտեայ հսկայ դռներ բացուեցին։ Ապա բացուեցին նաեւ դրանց ետեւում գտնուող ճաղավանդակները եւ մեզ հրաւիրեցին խաղատուն։

01 Օգոստոս 2019թ.

Գիշերուայ ժամը ինն էր, երբ դուրս եկանք հիւրանոցից եւ ուղեւորուեցինք Արկադիա ծովափ։ Այնտեղ մեզ սպասուում էր անմոռանալի գիշեր դիջեյ Solomun-ի մասնակցութեամբ։

Մօտեցանք Իբիցա ակումբի մուտքին եւ ցոյց տուեցինք համերգի տոմսերը։ Դեռ կէս ժամ կար։ Անվտանգութեան աշխատակիցներից մէկը, որը ստուգում էր տոմսերը, ասաց որ մեզ ներս չեն թողնելու։ Ես ու ընկերս մի պահ շատ զայրացանք։ Ուղեւորութեան ամբողջ նպատակը այդ համերգին մասնակցելն էր։ Գնացինք մօտակայ սրճարան եւ սկսեցինք մտածել թե ինչ ենք անելու եթե իրօք ներս չթողնեն։

Մէկ ժամ անց վերադարձանք ակումբ։ Այս անգամ մեզ մօտեցաւ անվտանգութեան մէկ այլ աշխատող։ Ստուգեց տոմսերը եւ առանց հարցերի ներս հրաւիրեց։

Մինչ լուսաբաց խմում ու պարում էինք։