Դրսի եղանակը, մթնշաղը ու թեթեւ քամին դպրոցական տարիներս յիշեցրին։ Սեպտեմբեր ամսին, ժամը 8-ի կողմերը դրսում սրան շատ նման եղանակ էր։ Տան հեռուստացոյցը միացրած էր, երեւի որ հեշտ արթնանաք։ Դրսում դեռ շատ մարդ չկար. Էդ տարիներին մեքենաներ էլ շատ չէին։ Կարող ա մի Մասկուիչ գար, մի շէնք ներքեւ խանութին հաց բերեր ու էդ մեքենայի ձայնը լսուէր, զի դրսում լռութիւն էր։ Աւելի ուշ մի երկու սովետական մեքենայ էլ կանցնէր ու վերջ։
Դպրոցական տարիներին մօրական կողմիս տատիկի տանն էի ապրում։ Դպրոցիս աւելի մօտ էր ու բակում ընկերներ ունէի։ Տատիկս միշտ խոհանոցում էր։ Բոլորից շուտ էր արթնանում որ ճաշ եփեր։ Մինչեւ ճաշը պատրաստ կը լինէր, խոհանոցի պատուհանից դուրս էր նայում ու ասում՝ «էս էն մարդն ա» ու պատմում էդ մարդու պատմութիւնը։ Նոյնիսկ հիմա, երբ յիշում եմ էդ պատմութիւնները դժուարութեամբ եմ հաւատում, որ իրական էին։ Բայց իրական էին։
Տատիկս սովետի ժամանակ Երիտասարդական պալատում էր աշխատել, դրանից առաջ էլ Կիրովի գործարանում։ Լաւ չեմ հասկանում ինչ էր աշխատել, բայց յաճախ էր բողոքում յօդացաւերից ու ասում որ ծանր տակառներ ա քաշ տուել։ Էդտեղ էլ հաւանաբար ծանօթացել էր պապիս հետ, ամուսնացել էին ու պետութիւնից տուն ստացել։
Փոքր ժամանակ շատ հետաքրքիր էին էս պատմութիւնները, բոլոր մանրամասներով։ Երբ ինչ որ մէկը պատմում էր, որ արտասահմանում ա եղել, կամ ինչ որ բանի միջով ա անցել էնքա՜ն հեքիաթային էր թուում։ Տարածութեան զգացումը մեծանում էր, ասես տան պատերից, բակից ու դպրոցից էն կողմ աշխարհ կայ, քաղաքներ կան, ծովեր կան ու մարդիկ ուրիշ կեանքով են ապրում։
Պապս երեկոյեան տուն էր գալիս ու պատմում իր մանկատանը ապրած տարիներից։ Ասում էր, որ ինքնակամ ա մանկատուն գնացել զի ծնողները հնարաւորութիւն չունէին պահելու։ Մանկատան ընկերներ ունէր, որոնց երբեմն զանգում էր, որ իմանար դեռ ողջ են։ Մի քանի բառից աչքերը լցուում էին ու բարեմաղթանքներով անջատում։
Երբեմն մոռանում եմ էս ամենը, մոռանում եմ որ 26 տարի ապրել եմ, որ դրանք եղել են շատ երկար 26 տարիներ։ Մոռանում եմ, որ ծնողներս ու բարեկամներս երիտասարդ են եղել։ Մոռանում եմ որ երկար տարիներ տատիկիս տանը, խոհանոցի պատուհանին նստած եմ անց կացրել, մեքենաներին ու մարդկանց նայելով։
Ու էլի սէնց եղանակ էր առաւօտեան ու էլի ոչ մի տեղ չէի շտապում։
Ուղղակի հիմա ես եմ խոհանոցում ճաշ պատրաստում, ու ես եմ պատուհանից դուրս նայելով յիշում մարդկանց պատմութիւնները։
Չգիտեմ ոնց մեծացայ, ոնց կտրուեցի բոլորից ու ոնց իմ վրայ վերցրի կեանքի բեռը։ Չգիտեմ որ պահից սկսած չդիմացայ հասարակութեան ճնշմանը ու սկսեցի ատել բոլորին։ Չգիտեմ ոնց յաղթեցի (՞) ու ոնց ազատուեցի։