Իրապէս ծանր ժամանակներ էին։

Տարէսկզբին բռնկուած համաճարակը ուղեկցուեց ներքաղաքական լարուածութեամբ եւ տագնապով։ Դա կարծես մի կոշտ ալիք էր սթափութեան, փոքր չափաբաժին այն մեծ ցաւի, որ դեռ գալու էր եւ աւաղ չուշացաւ։

Արցախի սահմանին տարիներ շարունակ մխացող կրակը, որ դարձել էր տարածաշրջանում եղած գերտէրութիւնների խաղաքարտը, շուտով բռնկուեց։ Համաճարակին զինակցելու եկաւ պատերազմը։

21-րդ դարի մարդու համար պատերազմը, համաճարակը եւ քաղաքական խորը լարուածութիւնը ոչ միայն անհամատեղելի այլ նաեւ անընկալելի երեւոյթ էր։ Փլուզւում էին շէնքերը, քաղաքները, իրականութիւնը, մարդիկ, գաղափարները, ապագան, ցերեկը եւ գիշերը։ Աշխարհի մի ծայրում օդ էին բարձրանում տիեզերանաւերը իսկ միւս ծայրում կործանիչները։

Ցերեկուայ մամուլը լցուած էր զինադադարի եւ օգնութեան կանչերով, իսկ գիշերուայ մամուլը՝ խելագարութեան հասցնող լռութեամբ։

«Բայց աւելի վատ ի՞նչ կարող է լինել» հարցնում էին մարդիկ, յուսահատ նայելով միմեանց։ Պարզուեց որ կարող էր։ Աւելի վատ հայկական կողմի պարտութիւնն էր։

Ինչպէս յայտնի է՝ յաղթողին ներում են ամէն ինչ իսկ պատուողին չեն ներում ոչինչ։

2018թ.-ին համազգային շարժման արդիւնքում տեղի ունեցած յեղափոխութիւնը, իշխանութիւնների անհետեւողական քայլերի արդիւնքում վերածուեց քաղաքական վրէժխնդրութեան։ Մի կողմից թուլացած պետութիւնն էր իսկ միւս կողմից իշխանութիւնը զաւթել ցանկացող նախկին սրիկաները։

Իսկ աւելի վատ ի՞նչ կարող է լինել։ Չգիտեմ… Այժմ էլ ցանկանում եմ յուսալ, որ աւելի վատ հնարաւոր չէ։ Յուսալ, որ մի քանի օր անց, երբ մոլորակը կաւարտի իր հերթական պտոյտը արեգակի շուրջ, նոր ու կենսունակ ժամանակաշրջան կը սկսուի բոլորիս համար։