Մեր ժողովրդի ամէնացաւօտ թեմաներից մէկը կրօնն է։ Այն մի երեւակայական վահան է, որը ամբողջ պատմութեան ընթացքում պաշտպանել է մեզ թշնամիներից, ջարդերից, հիւանդութիւններից եւ անբարոյականութիւնից։
Այնուհանդերձ ամենեւին էլ պարզ չէ, թե ինչ է նշանակում թշնամի, ջարդ, հիւանդութիւն եւ բարոյականութիւն բառերը ըստ սուրբ (սեւ) գրքի։ Մի կողմից կարելի է ապշել աստուածաշնչում նկարագրուած անմարդկային դաժան արարքներից իսկ միւս կողմից լսել հոգեւորականների իմաստուն մեկնաբանութիւնները դրանց վերաբերեալ։ Այդպիսի մեկնաբանութիւնները սակայն շատ վտանգաւոր կարող են լինել։ Հեռանալով տեքստի բառացիութիւնից եկեղեցին հնարաւորութիւն է ստանում սեփական գաղափարները դնել դրա հիմքում եւ մատուցել մարդկանց։
Եկէք ուսումնասիրենք աստուածաշնչի մի քանի ուղերձ.
Առաջադէմ քաղաքակրթութիւնը արդէն վաղուց ճանաչել եւ մերժել է ստրկութիւնը։ Դժուար է այսօր գտնել մէկին, որը դրական կը խօսի արատաւոր այդ երեւոյթի մասին։ Աստուածաշնչում նոյնպէս կարելի է գտնել ստրկութիւնը որպէս դաժան երեւոյթ ներկայացնող հատուածներ՝
Յիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր Եգիպտացիների երկրում, եւ քո Տէր Աստուածը քեզ փրկեց այնտեղից: (Երկրորդ օրէնք 15:15)
մինչդեռ աստուած չի քննադատում ստրկութիւնը եւ չի ասում՝ «մի ունեցէք ստրուկներ»։ Փոխարէնը կարելի է հանդիպել բարոյականութեան դասեր, ինչպիսին են օրինակ՝
Եթէ մէկը գաւազանով հարուածի իր ստրուկին կամ իր ստրկուհուն, եւ սրանք մեռնեն նրա հարուածից, ապա տէրը վրէժխնդրութեան պիտի ենթարկուի դատաստանով, իսկ եթէ նրանք մէկ կամ երկու օր ապրեն, տէրը վրէժխնդրութեան չի ենթարկուի, քանի որ նա նրանց իր արծաթով է գնել: (Ելք 21:20-21)
կամ
Ինչ ծառայ կամ աղախին էլ որ ուզենաս ունենալ, քո շուրջը եղող ազգերից կը վերցնես, ինչպէս եւ ձեր մէջ ապրող օտարականների զաւակներից ու նրանց ազգականներից: Որքան զաւակ ունենան ձեր երկրում, բոլորը թող դառնան ձեր սեփականութիւնը: Նրանց իբրեւ ժառանգութիւն կը յանձնէք ձեր գալիք սերունդներին, նրանք առյաւէտ ձեր ստրուկները թող լինեն: Ձեզնից ոչ ոք իր եղբայրներին՝ իսրայէլացիներին, չարչարանքով թող չտանջի: (Ղեւտական 25:44-46)
եւ այսպէս շարունակ։ Արդեօ՞ք հնարաւոր է բարոյական համարել նշուած ուղերձները կամ դրական լոյսի ներքոյ մեկնաբանել դրանք։
Աստծոյ յաջորդ ուղերձը, որը իր դաժանութեամբ չի զիջում նշուածներին եւ ցաւօք խորը հետք է թողել ժամանակակից հայ մարդու աշխարընկալման վրայ, վերաբերում է սեռական կեանքին՝
Իսկ եթէ ճիշտ լինի նրա ասածը՝ աղջկայ կուսութեան ապացոյց չգտնեն, ապա աղջկան թող բերեն իր հօր դուռը, եւ քաղաքի բնակիչները քարկոծելով թող սպանեն նրան, որովհետեւ իսրայէլացիների մէջ անպատիւ գործ է արել՝ պոռնկացել է իր հօր տանը: Դրանով դուք ձեր միջից վերացրած կը լինէք չարը: (Երկրորդ օրէնք 22:20-21)։
Թեեւ հեթանոսական ժամանակաշրջանում մենք մեծարել եւ յարգել են կնոջը Անահիտի՝ պտղաբերութեան աստուածուհու կերպարով։
Քրիստոնէութիւնը պարսավելով սեռական կեանքը, կեղտոտ եւ նսեմ է համարում այն։ Նման մօտեցումը հասարակութեան մէջ առաջացնում է վախի եւ մեղաւորութեան զգացում, ինչն էլ բացասական է ազդում անձի կայացման վրայ։
Սեռական կեանքի մասին նման ողբերգական պատմութիւններ սուրբ (սեւ) գրքում բազմաթիւ են։ Դրանցից է օրինակ «Օնանի մեղքը» (Ծննդոց 38:1-10) պատմութիւնը, որի սխալ մեկնաբանութեան պատճառով հոգեւորականները դարեր շարունակ արգելել են ձեռնաշարժութիւնը՝ օնանիզմը։
Դպրոցում պատմութիւն առարկան ուսումնասիրած ցանկացած մարդ գիտի, որ կրօնը եղել է եւ մնում է մարդկանց իշխելու գործիք։ Ցանկացած անհասկանալի իրավիճակում՝ կարկուտի ժամանակ, նախնադարեան մարդը հաւատում էր, որ դա աստուած է ուղարկել իսկ այսօր գրեթե ամէն գիւղում հակակարկտային կայան կայ տեղադրուած։
Թերեւս կայ նաեւ սխալ պատկերացում հոգեւոր կեանքի մասին։ Այսօր էլ բազմաթիւ մարդիկ ապրում են հոգեւոր կեանքով չդաւանելով ոչ մի կրօնի։
Ինչեւ, դժուար է վերցնել մարդուց իր իմացած կեանքի միակ մոդելը եւ փոխարինել այն նորով։ Մեզ պէտք է երկար ժամանակ, ամուր նեարդեր եւ կրթուած հասարակութիւն։