Վերջերս ես հասկացայ եւ վերիմաստաւորեցի «սէր» բառը։ Պարզեցի որ շատերին եմ սիրում՝ ընկերներիս, հարազատներիս, ընկերուհուս եւ նոյնիսկ անծանօթ մարդկանց

Հարցը, որը ինձ ստիպեց մտածել այդ մասին սա էր՝ «ինչպէ՞ս ես արտայայտում քո սէրը»։ Թուում էր թե շատ պարզ հարց է ու գրեթե ունեմ պատասխան, բայց չկարողացայ բացատրել։ Օգնութեան դիմեցի արհեստական բանականութեանը, որն էլ խորհուրդ տուեց կարդալ «Սիրոյ 5 լեզուները» գիրքը։ Հեղինակը առանձնացրել էր 5 ձեւ որոնցով մարդիկ արտայայտում են իրենց սէրը՝

  1. Ժամանակ տրամադրելով
  2. Օգնելով
  3. Նուէրներով
  4. Բառերով
  5. Հպումներով

Հաւանաբար սոցիալական հմտութիւններ ունեցող մարդիկ տիրապետում են այդ 5 լեզուներին, կամ առանց գիտակցելու զգում դրանք։ Բայց ես երբեք չեմ փայլել իմ սոցիալական հմտութիւններով։ Ինձ շրջապատող մարդիկ արտայայտել են իրենց սէրը բառերով, հպումներով եւ նուէրներով։ Ինչը ամենեւին հասկանալի չի եղել ինձ համար։ Արդիւնքում ես խորքային համոզմունք եմ ձեռք բերել, որ չգիտեմ սիրել։

Հետահայաց վերլուծելով կեանքս, մանկութիւնս եւ անպատասխան թողածս հարցը, հասկացայ, որ իմ սիրոյ լեզուն եղել է օգնելը եւ ժամանակ տրամադրելը։ Ինձ համար կարեւոր չեն եղել բառերը կամ նուէրները, երբ մարդը ժամանակ չունէր ինձ համար եւ ինքս էլ այդպէս եմ արտայայտել իմ սէրը։

Հիմա ես գիտեմ, որ մարդիկ աւելի տարբեր են քան թուում էր։ Եւ գիտեմ, որ գիտեմ սիրել։