Գագան շատ էր սիրում Էնդրու Քարսոնի ստեղծած գլասինատորները։ Ամէն անգամ կասկադի մօտով անցնելիս համոզում էր բարձրանանք դրանց մօտ նայելու։ Մտածեցի միգուցէ կարողանամ գտնել նման խաղալիք եւ նուիրել նրան։ Բայց նման բան չգտայ։

Յիշեցի, որ պատանեկութեան տարիներին մետաղական կոնստրուկտոր ունէի, որով լինում էր ամէն բան պատրաստել։ Վերջին անգամ դրանով հաւաքել էի ռոբոտի մարմին, մէջը դրել փոքր մագնիտաֆոն իսկ ոտքերին ամրացրել անուաւոր շարժիչ։ Երկար տարիներ հպարտանում էի դրանով, մինչեւ հոգնեցի տեսքից եւ որոշեցի պահել դարակում։ Մի օր էլ վերջնական քանդեցի, դարակում տեղ ազատելու համար։

Մետաղական կոնստրուկտորը ամենալաւ բանն է, ինչ կարելի է նուիրել ամէն տարիքի մարդու։ Զի սահմանափակուած չէ որեւէ բարդութեան բան պատրաստելու համար, միեւնոյն ժամանակ գեղեցիկ՝ իր մետաղեայ տեսքով։

Որոշեցի ինքս կինետիկ արուեստ ստեղծել դրանով եւ նուիրել։

Դա պէտք է լինէր՝

  1. քամուց տարբեր կողմեր պտտուող,
  2. ամուր, չքանդուող,
  3. գոյնզգոյն ու գեղեցիկ,
  4. թեթեւ,
  5. կազմուած ունեցածս բաղադրիչներից

Հաւաքելու ընթացքում մի քանի անգամ քանդեցի եւ փոխեցի տրամաբանութիւնը։ Վերջնական տեսքը ստանալու համար պակասում էր միայն օդի գլանները։ Մտածում էի ապակուց պատրաստել, որ նման լինի գլասինատորի, սակայն փոքր խաղալիքի համար ապակին ծանր կը լինէր։ Պլաստիկը նոյնպէս իմ սրտով չէր։ Որոշեցի զանգակներ գնել տարբեր չափի եւ գոյնի եւ օգտագործել որպէս գլան։

Գագային շաաաաաատ դուր եկաւ նուէրը։